2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման նպատակով կառավարության որոշմամբ բռնցքամարտի ֆեդերացիային էր հատկացվել 77 միլիոն 768 հազար դրամ։ Ինչպես կառավարության նիստի ժամանակ ասաց վարաչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը կատարում է իր աշխատանքները։ Բոլոր ուղղություններով որոշումները կայացված են, և աշխատանքները տարվում են։
Հարությունյանն ասաց, որ Հայաստանը սպասում է մինչև 40 երկրի մասնակցություն և ավելի քան 200 մարզիկի։ Լայնածավալ նորոգման աշխատանքներ են տարվում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ նախորդ հատկացման միջոցով։
Ի դեպ, կազմակերպչական աշխատանքները հանձնարարվել են «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին, որի համար պետությունը ևս 750 միլիոն 192 հազար դրամ հատկացրեց։
Ինչպես ասված է նախագծում՝ առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280 մարզիկների մասնակցություն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն: Ընդհանուր առմամբ ակնկալվում է շուրջ 350 անձանց մասնակցություն:
Նշենք, որ տարվա ընթացքում Բռնցքամարտի Եվրապայի առաջնությունը միակը չէ։ Սպասվում է նաև «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը, որը կանցկացվի դեկտեմբերին Երևանում։