Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Այդ կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարր քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին: Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, սակայն երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը:
Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Շուրջ մեկուկես միլիոն հայ Ցեղասպանության ենթարկվեց 1915-1923 թվականներին, իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց ու սպանվեց 250 հայազգի մտավորական:
Թեպետ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի և այլ միջոցներով:
Ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանում ջահերով երթ է իրականացվում։
Ապրիլի 24-ին հայերն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։