ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմեն Մելիքբեկյանին շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Վարչապետն ընդունել է նորընտիր նախագահին ու նրա հետ քննարկել ֆուտբոլի զարգացման հեռանկարները՝ ընդգծելով, որ կառավարությունն անտարբեր չէ այն պրոցեսների նկատմամբ, որոնք տեղի են ունենում ֆուտբոլում և ֆուտբոլի ֆեդերացիայում։
«Ֆուտբոլը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, ու հույս ունեմ, որ ՀՀ–ում տեղի ունեցած բովանդակային փոփոխություններն արտահայտություն կգտնեն նաև ֆուտբոլում»,– ասել է Փաշինյանը։
ՀՖՖ նախագահի ընտրությունը, վարչապետի համոզմամբ, կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում սպորտի ապաքրեականացման և սպորտի ախտազերծման տեսանկյունից։
«Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ քրեական և կոռուպցիոն շրջանակները ներթափանցած են ու ներթափանցում են սպորտի, ֆուտբոլի բնագավառ։ Եվ այստեղ էլ մենք պետք է ապահովենք քրեական ու կոռուպցիոն հարաբերությունների բացառումը»,– ասել է Փաշինյանը` հավելելով, որ ծանոթ լինելով Մելիքբեկյանի անցած ուղուն` համոզված է, որ նա կկարողանա իրականացնել իր առաքելությունը։
Փաշինյանը կարևորել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հնարավորությունների զարգացումը, այն է՝ ֆուտբոլը որպես տնտեսության ճյուղ, ֆուտբոլը որպես հանրային կյանքի կազմակերպման ուղղություն, ֆուտբոլը որպես ազգային էմոցիոնալ միասնություն ապահովող հարթակ դարձնելը, որտեղ վերանում են կուսակցական պատկանելությունները, քաղաքական համոզմունքները:
Վարչապետն ընդգծել է, որ ֆուտբոլի ֆեդերացիան գործում է կառավարությունից անկախ, բայց թե՛ կառավարության և պետական մարմինների, թե՛ ֆուտբոլային միջազգային հանրության հետ համագործակցելու մեծ պոտենցիալ է առկա, որն առավել արդյունավետ է պետք օգտագործել։
Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին` նշելով, որ, միջազգային փորձը հաշվի առնելով, կանեն ամեն ինչ հայկական ֆուտբոլը կոռուպցիայից զերծ պահելու համար։
«Մենք ունենք տեսլական մեր ռազմավարության մեջ, որի համաձայն` մինչև 2025թ–ը ազգային հավաքականները Եվրոպայի և աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում հաջող մասնակցություն պետք է ունենան։ Իհարկե, սա հավակնոտ ծրագիր է։ Բայց մենք անելու ենք մեզանից կախված առավելագույնը, որ դա տեղի ունենա»,– ասել է Մելիքբեկյանը։
ՀՖՖ նախագահը հայտնել է, որ ֆուտբոլի հանրայնացման ծրագրի շրջանակում արհեստական խոտածածկով 51 խաղադաշտ այս տարի արդեն պատրաստ են շահագործման, 2020թ–ին նախատեսվում է ևս 30-ի կառուցումը ՀՀ տարբեր մարզերում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 23-ին Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Այդ պաշտոնի համար պայքարում էր նաև «Լոռի» ակումբի հիմնադիր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը։ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված երրորդ թեկնածուն՝ ԽՍՀՄ հավաքականի նախկին անդամ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ավելի վաղ հայտարարել էր, որ դուրս է գալիս պայքարից և սատարելու է Արմեն Մելիքբեկյանին։