Վաշինգտոնը դեմ է Սիրիայում ցանկացած էսկալացիայի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը` մեկնաբանելով Սիրիայի տարածքում Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողությունը:
«Մենք դեմ ենք Սիրիայի հյուսիսում ցանկացած էսկալացիայի», – Բլինկենի խոսքը մեջբերում է «РИА новости»-ն: Նրա խոսքով` ԱՄՆ-ն «վախենում է, որ ցանկացած հարձակողական գործողություն կխաթարի տարածաշրջանային կայունությունը» և «չարագործներին հնարավորություն կտա անկայունությունն օգտագործել սեփական շահերից ելնելով»:
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ կսկսեն երկրի սահմաններում, շուտով այդ կապակցությամբ որոշում կկայացվի: ԶԼՄ-ների տվյալներով` գործողությունները տեղի կունենան Սիրիայի չորս շրջաններում։