Դատարանը կալանքի տակ է թողել Գյումրիում ընդդիմության ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալներին
Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանը կալանքի տակ է թողել մայիսի 8-ին ընդդիմության ավտոարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով որպես մեղադրյալ անցնող ակտիվիստներին։
Այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Նա տեղեկացրել է, որ միջնորդություն է ներկայացվել անձնական երաշխավորությամբ 5 մեղադրյալի ազատ արձակելու վերաբերյալ, սակայն դատարանն իր որոշմամբ նրանց թողել է կալանքի տակ։
Պատգամավորի խոսքով՝ գործով որպես տուժող անցնող տարեցների ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք որևէ բողոք և պահանջ չունեն կատարվածի հետ կապված: «Մեր հայրենակիցները համարեցին, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, որը հարթվել է», – ասաց պատգամավորը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր գործի նախաքննության ավարտի մասին։ Քննության տվյալներով՝ Գյումրիում ընդդիմության ավտոարշավի մի խումբ մասնակիցներ հարձակվել են տարեցների վրա և ծեծի ենթարկել նրանց։ Երիտասարդների գործողություններից տուժածներն են 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիները: Գործի շրջանակներում 7 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) 5 մեղադրյալ է ձերբակալվել: