ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծել է ՀԱՊԿ-ի խորհրդարանական չափման դերը, որի գծով առաջնահերթություն են անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրության մերձեցումն ու ներդաշնակեցումը՝ հաշվի առնելով մարտահրավերներն ու սպառնալիքները, այդ թվում՝ թվային, տնտեսական, ֆինանսական, բնապահպանական ոլորտներում: Նա այս մասին ասաց ՀԱՊԿ ԽՎ գագաթնաժողովին։
«Մենք նաևջանքեր ենք գործադրում խորհրդարանական վեհաժողովի ինստիտուցիոնալ շարունակական զարգացման և ակտիվացման համար: Այս համատեքստում կարևոր և ժամանակին եմ համարում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի կատարելագործման առաջարկը:
Պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության նախագահությունն անցնում է աշխարհի անվտանգության ճարտարապետության բարդ փոխակերպման ժամանակաշրջանում:
Մենք ականատես ենք, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է, և կազմակերպության անդամ պետությունները շարունակում են բախվել նոր մարտահրավերների ու սպառնալիքների: Դաշնակցային պետությունների սահմանների ամբողջ պարագծով շարունակում է աճել կոնֆլիկտային ներուժը: Բարդ և ծանր իրավիճակ է Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին: Հուսով ենք, որ հակամարտող երկրների միջև առկա խնդիրները լուծում կստանան դիվանագիտական ճանապարհով: Լարված է մնում նաեւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ցավոք, Ադրբեջանը շարունակում է բավականին ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի: Հուսով ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, որոնք առանցքային դեր ունեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման գործում, կվերականգնեն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստատուս-քվոն:
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2020 թ. նոյեմբերի 9-ի բոլոր պայմանավորվածությունների և պետությունների ղեկավարների հաջորդ եռակողմ հայտարարությունների կատարմանը: 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական խնդիրների համատեքստում առաջնայինը հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ քաղաքացիական անձանց անվերապահ և անհապաղ վերադարձն է, ինչպես նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում:
Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չէ, դա Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի հարցն է: Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում առանցքային դեր պետք է խաղա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը չխախտել իրենց ռազմատենչ և ծավալապաշտական հռետորաբանությամբ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը:
Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության հաստատմանը և բազմիցս արձանագրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը: Համապարփակ խաղաղության հասնելու համար մենք օրակարգը լրացրեցինք մեր առաջարկություններով և հանձնեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- ասաց ԱԺ նախագահը։