Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ բանակցությունների ընթացքում պայմանավորվել են համակարգող կենտրոն ստեղծել Ստամբուլում:
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, այս մասին հայտնել են Թուրքիայի ՊՆ-ից: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով՝ հանդիպման մասնակիցները համաձայնել են Ստամբուլում ստեղծել համակարգող կենտրոն՝ լուծելու ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը։
Բացի այդ, Աքարը հայտնել է, որ կողմերը համաձայնության են եկել նավահանգիստներում հացահատիկի համատեղ վերահսկողության համակարգի շուրջ: Նրա խոսքով՝ կողմերը համաձայնեցրել են հացահատիկի արտահանման իրականացման «հիմնական տեխնիկական սկզբունքները»։
Նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները նախատեսում են ևս մեկ հանդիպում անցկացնել հաջորդ շաբաթ։