Հայկական շախմատի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ը, հաղթել է FTX Road to Miami առցանց մրցաշարի առաջին սեթում։ Այս մասին հայտնում է en.chessbase.com կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եզրափակչում հայ շախմատիստը հաղթել է չինացի իր գործընկեր Վեյ Յիին, երկու գրոսմայստերներն էլ իրավունք են ստացել մասնակցելու Մայամիում կայանալիք FTX Crypto Cup-ին, որը մեկնարկելու է օգոստոսի 15-ին։
39-ամյա Լևոն Արոնյանն ապացուցում է, որ շարունակում է մնալ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը, ընդգծում է աղբյուրը։
«Իրականում ես արժանի չէի թոփ 8-ում հայտնվելու, քանի որ իմ խաղը շատ վատ էր, բայց ութնյակում հայտնվելուց հետո հավաքվեցի և սկսեցի ավելի լավ խաղալ»,- ասել է Արոնյանը։
Առաջին սեթում Լևոն Արոնյանը հաղթել է 2,5–1,5 հաշվով։ Երկրորդ սեթում համոզիչ կերպով գերազանցելով մրցակցին՝ երկու անգամ սևերով հաղթել է նրան և մեկ գեյմ ոչ-ոքի, ապահովել է ընդհանուր հաղթանակը։
Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար, որից Արոնյանը կստանա 50 հազար դոլարը։ FTX Road to Miami մրցաշարը Meltwater Champions Chess Tour-ի հաջորդ փուլն է: