2022թ. հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և կազմել է 10.3%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 9.4%: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:
«Երկրորդ եռամսյակի ընթացքում պահպանվել են համաշխարհային արժեշղթաների խաթարումները: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դիտարկվում է տնտեսական ակտիվության դանդաղում: Միջազգային ապրանքահումքային շուկայում նկատվում է գնաճային ճնշումների որոշակի թուլացում, սակայն գները շարունակում են մնալ պատմականորեն բարձր մակարդակում»,- նշել է նա՝ հավելելով, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը որոշակիորեն կթուլանա, սակայն առաջիկայում դեռևս կպահպանվի:
Նրա խոսքով՝ 2022-ի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում դիտվել է սպասվածից բարձր ակտիվություն:
«Այն դրսևորվել է հատկապես ծառայությունների ճյուղում: Դրական զարգացումներ են արձանագրվել նաև արդյունաբերության և արտահանման ոլորտում: Տնտեսական բարձր աճի ձևավորման գործում գերակշռում են պահանջարկի գործոնները: Վերջինս շարունակում է մեծամասամբ պայմանավորվել միջազգային այցելուների և ՌԴ-ից դրամական փոխանցումների զգալի ներհոսքով: Բարձր պահանջարկը հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնման և բարձր գնաճային սպասումների պահպանման: ՀՀ դրամի արժևորումը մասամբ չեզոքացնում է գնաճի ավելացումը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:
Նա նշել է, որ եթե դրամի արևորումը չլիներ, գնաճն առնվազն մի քանի տոկոսային կետով բարձր կլիներ:
Մանրամասները՝ տեսանյութում: