ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը որոշել է ձեռնպահ մնալ Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի ամենագնաց ավտոմեքենաներ գնելու գործընթացից։ Նշվածի վերաբերյալ ներկայացված նախագիծն այսօր հավանության արժանացավ կառավարության կողմից։ Մասնավորապես՝ առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի որոշումը և այդ նպատակով ՀՀ Ազգային ժողովի 2022 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին վերաբաշխված 54.0 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմն նախատեսում էր որպես ուղեկցող մեքենաներ ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի ամենագնաց ավտոմեքենաներ՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահին սպասարկող ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար։
Այսօր կառավարության նիստի օրակարգում ներկայացված նախագծի համաձայն՝ ներկրող «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն, պայմանավորված արտաքին գործոններով, մասնավորապես՝ ՌԴ-ում տիրող իրավիճակով և կիրառվող պատժամիջոցներով, չի կարողանում ներկրել ՀՀ Ազգային ժողովին անհրաժեշտ տեխնիկական պարամետրերով ավտոմեքենաները։
Նշվածով պայմանավորված՝ ՀՀ Ազգային ժողովը նպատակահարմար է համարում ձեռնպահ մնալ վերոնշյալ մեքենաների գնման գործընթացից։