ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հարցերը, РИА Новости -ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումները, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հարցերը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այդ համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ինց սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավորում են ստացել 19 զինծառայողներ, մահացու հրազենային վիրավորում՝ 2 պայմանագրային զինծառայողներ։