Երեկ Բրյուսելում տեղի ունեցած քննրկումներն իհարկե ծավալուն էին և հեշտ չէին: Այս մասին կառավարության սեպտեմբերի 1-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ կայացված որոշումների մասին մամուլի հաղորդագրության միջոցով արդեն տեղեկացրել են:
«Ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ այնպիսին, ինչպես ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում: ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը: Այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ պետք է շարունակել ամենօրյա աշխատանք՝ մեր տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար, որի համար պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանալ խնդրի վրա:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացավ եռակողմ հանդիպում: Սա Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի չորրորդ հանդիպումն է Բրյուսելում։ Ավելի վաղ նրանք հանդիպումներ են ունեցել 2021-ի դեկտեմբերին, այս տարվա ապրիլին և մայիսին։
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը կառուցողական է համարել չորեքշաբթի Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի և ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մթնոլորտը: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ չորրորդ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում»,- գրել է նա Twitter-ում: