Սեպտեմբերի 9-11-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում տեղի կունենա WSF վարկածով աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի միության լրատվական ծառայությունը:
Արդեն մի քանի օր է Կամոն մրցաշարից առաջ մարզվում է Հունաստանի Աթենք քաղաքում:
«Մարզվում եմ Աթենքի Գիդակոս պրոֆեսիոնալ կարատեի ակումբում՝ երկու շատ պրոֆեսիոնալ մարզիչների մոտ, այդ թվում՝ Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սկարագյանիսիի անմիջական հսկողությամբ։ Գտնվում եմ բավականին լավ մարզավիճակում, քաշի հետ կապված խնդիր չունեմ, քանի որ մասնակցելու եմ իմ քաշային կարգում՝ -75 կգ»,- Հայաստանի կարատեի միության հետ զրույցում ասել է Կամո Ունանյանը։
Թեպետ, այս պահին Կամոն ունի ոտքի վնասվածք, բայց հույս է հայտնել, որ մինչև մրցաշարի մեկնարկը կվերագանգնվի։
Հարցին, թե ինչու է մրցաշարից առաջ նախընտրել մարզվել հենց Հունաստանում, Կամոն ասել է, որ առաջին անգամ չի մարզվում այնտեղ․ «Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ, մրցաշարից առաջ պետք է մասնակցի ուսումնամարզական հավաքների, ես էլ նախընտրել եմ Հունաստանը՝ մի քանի պատճառներով։ Նախ, նախկինում շատ եմ մարզվել Հունաստանում, այնտեղ որոշ ժամանակ նույնիսկ ապրել եմ, բացի այդ Հունաստանի կարատեն եվրոպայում ամենազարգացածներից մեկն է։ Հետո, այստեղ ես միայն մարզվում եմ, հանգստանում, վերականգնվում և կրկին մարզվում։ Այսինքն՝ միայն կենտրոնացած եմ իմ մարզվելու վրա»։
Այս պահի դրությամբ WSF վարկածով աշխարհի առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել մոտավորապես 67 երկիր։ Իսկ թե ո՞ր երկրի ներկայացուցչի հետ կմենամարտի մեր հայրենակիցը, պարզ կլինի հենց սեպտեմբերի 8-ին՝ վիճակահանության միջոցով։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Ստամբուլում կայացած WSF վարկածով աշխարհի առաջնությանը ¼ եզրափակչում Կամո Ունանյանը հաղթելով ադրբեջանցի մարզիկին, դարձել է աշխարհի չեմպիոն։