Դիրքային փոփոխություններ են եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով սահմանային իարվիճակին:
«Մենք ձգտում ենք կրակի դադարեցման և առնվազն ձգտում ենք, որ մեր և Ադրբեջանի զորամիավորումները զբաղեցնեն իրենց դիրքերը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ խաղաղությունից ավելի հուսալի այլ գործիքակազմ չկա. «Մենք մարդակերների ու վայրենիների դարաշրջանում չենք, որ մտածենք՝ փոխադարձ ագրեսիան ավելի նախընտրելի է: Մենք այս պահին Ադրբեջանի հետ ունենք քաղաքական մակարդակով փոխհարաբերություններ, և փոխահարաբերություններ այն կարգավիճակով, երբ մենք իրար վրա կրակում ենք: Մենք պետք է կարողանանք մեր փոխհարաբերությունների հիմնական թատերաբեմը դարձնենք քաղաքական և դիվանագիտական հատվածը»:
Հարցին՝ քննարկվո՞ւմ է արդյոք ռազմական դրություն հայտարարելու հարցը՝ Գ. Արսենյանը պատասխանեց. «Գտնում ենք, որ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա: Այս պահին ընթանումէ սահմանային կոնֆլիկտ: Այս պահին չենք կարող արձանագրել, որ Ադրբեջանի կողմից դեպի ՀՀ տարածք խորանալու էական տեղաշարժ է եղել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Մանրամասները՝ տեսանյութում: