Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում քննարկեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:
Քննարկումների արդյունքում 65 կողմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը, որը կրում է հետևյալ բովանդակությունը:
«Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Մասնավորապես` հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:
Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին` անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ համախմբվել պետականության շուրջ: Մեր բոլորի հայրենիքը միասնական եւ կուռ պաշտպանության կարիք ունի:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն եւ հասցեական կերպով դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:
ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում եւ իրավիճակից բխող գործողությունների իրականացում:
ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնված պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը:
Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները` ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: