Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ չի վարում երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևի նշանակման շուրջ։ Այս մասին «Матч ТВ»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՖՖ-ի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը:
Ավելի վաղ 49‑ամյա Տալալաևի հետ ՀՖՖ-ի բանակցությունների մասին հայտնել էր Metaratings.ru պորտալը։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է սեպտեմբերի 29-ին իսպանացի Խոակին Կապարոսի հրաժարականից հետո:
«Տեղեկատվությունը (Տալալաևի հետ ՀՖՖ-ի բանակցությունների մասին) չի համապատասխանում իրականությանը: ՀՖՖ-ն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի մի քանի թեկնածուներ: Երբ ՀՖՖ – ն պայմանավորվածության հասնի, մենք պաշտոնական հայտարարություն կհրապարակենք», – ասել է Կարապետյանը «Матч ТВ» – ին։
Տալալաևը սեպտեմբերի 11-ին Գրոզնիի «Ախմատից» հեռանալուց հետո մնում է առանց աշխատանքի: Նա աշխատել է Հայաստանում, երբ գլխավորում էր Երևանի «Փյունիկը» 2018/19 մրցաշրջանում։