«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ զրույցներում ներկայացնում է թեզեր, թե Ռուսաստանը մեր ինքնիշխանությունը մեր ձեռքից տանել է ուզում, հետեւաբար մենք նրան ցտեսություն պետք է ասենք ու Եվրոպայի, Ամերիկայի կողմ թեքվենք: Հակառուսական տրամադրություններն այս օրերին իշխանական հատվածում պարզապես թեւածում են: Փաշինյանի հակառուսական քարոզից իրականության զգացումը կորցրած ՔՊ-ականներն արդեն չեն էլ թաքցնում, որ կամաց-կամաց պետք է խզել Ռուսաստանի հետ բոլոր տեսակի կապերն ու իրենց սերը եվրոպացիներին եւ ամերիկացիներին հայտնեն:
«Իշխանականները, սակայն, պարզ մի հարց իրենց չեն տալիս՝ ինչպե՞ս են Ռուսաստանին հրաժեշտ ուզում տալ, եթե մեր տնտեսության մեծ մասը ՌԴ-ի ձեռքում է, ՀՀ սուվերեն տարածքի մի մասի հսկողությունն էլ ՌԴ սահմանապահներն են իրականացնում եւ այլն, եւ այլն: Իհարկե, բալանսավորված քաղաքականությունն ու աշխարհի գերտերությունների մոտ սեփական շահն առաջ տանելը ֆանտաստիկ բան է, բայց դրա համար նախ խելք ու հմտություն է պետք»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական հերթական էսկալացիայի ժամանակ ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից ռազմական օգնության ստանալու դիմումից մի քանի օր անց Հայաստանի իշխանությունները և քաղհասարակության մի հատվածը սկսել են բարձրաձայնել կառույցից դգժոհությունների մասին և մեղադրել Ռուսաստանի գլխավորած դաշինքին անգործության համար։
Իր հերթին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ հայկական կողմը ռուս գործընկերներից ակնկալում է շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե կցկտուր, կիսատ խոսքերի, հայտարարությունների մակարդակով անդրադարձներ։