Հայաստան ժամանած ԵՄ դիտորդներն առաջին պարեկությունն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին Թվիթերի էջում հայտնում է ԵՄ անվտանգության և պաշտպանության կոմիտեն։
«Առաջիկա երկու ամսվա ընթացքում ԵՄ մոնիթորինգային ուժերը կհետևեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին՝ վստահություն ձևավորելու և սահմանային հանձնաժողովներին նպաստելու համար»,- նշված է գրառման մեջ։
Եվրամիությունը հոկտեմբերի 20-ից սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։