Դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատի համերգասրահում տեղի կունենա Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնո-ներկայացման ռուսաստանյան պրեմիերան: Այս մասին Մարությանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ռուսաստանում ապրող սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դեկտեմբերի 10-ին, Մոսկվայի Կրեմլի պետական պալատի համերգասրահում տեղի կունենա իմ՝ «Քաղաքապետը» մոնո-ներկայացման ռուսաստանյան պրեմիերան: Սկիզբը՝ ժամը 18:00-ին: Սիրով սպասում եմ մեր հանդիպմանը»,- գրել է նա:
Տոմսերը կարելի է պատվիրել հղումով։ Տոմսերի արժեքը 1000-5000 ռուբլի է:
Մարությանը նաև հավելել է, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում կայանալիք ներկայացումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի ժամկետների վերջնական հաստատումից հետո:
Մարությանն իր նոր՝ «Քաղաքապետը» մոնո-ներկայացման մասին հայտնել էր սեպտեմբերի 5-ին: Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ որոշել է հեռանալ «քաղաքական թատրոնից» և վերադառնալ Սունդուկյանի անվան թատրոնի բեմ։ «Քաղաքապետն» իշխանության մասին վառ քաղաքական երգիծանքով արտադրանք է՝ վերնախավին բնորոշ բոլոր արատներով։