Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Րինա Պանդեյը անդրադարձել է շրջանառվող լուրերին, որ Հայաստանը Հնդկաստանից զենք և զինամթերք է գնել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով Հայաստանին զենքի վաճառքի վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերի վերաբերյալ հարցին, Պանդեյը պատասխանել է. «Բոլոր երկրները պաշտպանական համաձայնագրեր ունեն: Եվ շատ լավ է, որ մեկն ունենք այստեղ (Հայաստանում-խմբ.): Եվ մենք կարող ենք համագործակցել համատեղ (զենքի-խմբ) արտադրության շուրջ նույնպես: Պաշտպանության ոլորտում դուք որոշակի փորձ ունեք, մենք ևս որոշակի ունենք, այսպիսով՝ մենք կարող ենք կիսվել այդ փորձառությամբ»- ասաց Պանդեյը:
Ռազմական համագործակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպանը նշեց, որ լավ կլինի նաև, որ հայ և հնդիկ զինվորականները համատեղ վարժանքներ անցկացնեն:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Հայաստանը կարող է Հնդկաստանից գնել անօդաչու թռչող սարքեր, ռազմամթերք, ինչպես նաև զենիթային հրթիռային համալիրներ, բացի այդ, Երևանն ու Դելին մտադիր են համատեղ արտադրական բազաներ ստեղծել Հայաստանում: