ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ ագրեսիա կիրառելու, ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու մասին հայտարարություները քրեորեն պատժելի դարձնելու մասին երկու որոշում ընդունվեց կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում։
Առաջին հարցը Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ ագրեսիա կիրառելու փաստով միջազգային քրգործ հարուցելու մասին է։ Այն ուժի մեջ կմտնի ՍԴ-ի՝ 2015 թվականի Սահմանադրությանը համապատասխանելու մասին որոշումից հետո։
Ինչպես նախագիծը ներկայացնելիս ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատժելի հանցագործություններն են լինելու ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և պատերազմական հանցագործությունը։ Դատարանին վերաբերելի են լինելու ոչ միայն միջազգային և ոչ միջազգային պատերազմական գործողությունները, այլ նաև ագրեսիայի կիրառումը։
«Հարցի ընդունումը պայմանավորված է 2021 թվականին սկսված, այնուհետև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ագրեսիայով, տարածքների օկուպացիայով»,- ասաց Մինասյանը՝ պարզաբանելով, որ հարցն արդիական է մնում, քանի որ մինչ օրս Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ՀՀ ինքնիշխան տարածքում են գտնվում։
Ինչպես իր հերթին նշեց ՄԻԵԴ հայաստանյան ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ կանոնադրությունն աշխարհում վավերացված է 123 պետության կողմից։ «Մեր տարածաշրջանում այն վավերացրել է միայն Վրաստանը, Հայաստանի վավերացնելու դեպքում տարածաշրջանի երկու պետություն կլինի միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն»,- ասաց Կիրակոսյանը։
Ինչպես հստակեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ-ի դրական որոշման դեպքում մեր երկրի ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիայի կիրառման հարցով միջազգային քրեական գործ հարուցելու հնարավորություն ենք ստանում։ Նշվեց նաև, որ եթե ենթադրյալ հանցագործություն կատարող երկիրը չի վավերացրել համաձայնագիրը, ապա դա չի ազատում նրան պատասխանատվությունից։
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա այն քրեորեն պատժելի է դարձնում ՀՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու, նսեմացնելու հայտարարություններն ու գործողությունները։
Ներկայումս գործող օրենսդրությամբ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի քրեական պատասխանատվություն նախատեսված չէ։
Նոր նախագծի նպատակն է նախատեսել անմիջականորեն պետության ինքնիշխանության, նաև որպես պետական անվտանգության տարրի պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ։
Ըստ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ հարկ է կարևորել, որ ՄԻԵԴ-ի դատական պրակտիկայում պետական անվտանգության պաշտպանության համատեքստում անդրադարձ է կատարվել խոսքի ազատության իրավունքի սահմանափակմանը և այն համարվել է իրավաչափ և լեգիտիմ։
Այսուհետ քրեորեն պատժելի են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը (բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները), ինքնիշխանության հրաժարմանն ուղղված հրապարակային կոչերը։ Նման գործողությունների համար պատիժը նախատեսված է 10-15 տարի ազատազրկմամբ, հրապարակային կոչերի համար՝ տուգանքից մինչև կարճաժամկետ ազատազրկում։ Եթե այդ կոչերը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, ԶԼՄ-ների կամ ՏՏ միջոցով են, ապա կարող է սպառնալ 2-5 տարվա ազատազրկում։