Գործադիրն այսօր տեղի ունեցած նիստում որոշում կայացրեց Վահագն Վերմիշյանին ազատել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը փետրվարի 10-ին կալանավորվել է: Համաձայն ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, նաև իր մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019 թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019 թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։