Ինչպես նախկինում ասել եմ, Լաչինի միջանցքը փակելով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական Հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը:
Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնաը՝ հավելելով, որ իր ունեցած տեղեկություններով, Բաքվի պլանը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը:
«Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է: Եվ պիտի արձանագրեմ, որ եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրությունների մասին մեր ահազանգերին, հիմա արդեն տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ այս առումով դեր ունեցավ նաև ս.թ. հունվարի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված «բնապահպանական ակտիվիստների» կողմից ահաբեկելու տեսանյութը, որը հենց իրենք՝ ադրբեջանցիներն էին տարածել և որն աշխարհում լայնորեն տարածվեց:
«Բայց Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տներից արտաքսելն Ադրբեջանի միակ նպատակը չէ: Այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի նաև խափանել խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում:
Հասկանալի է, իհարկե, որ Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը մենք բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում: Բայց պիտի կրկին ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի և գործողությունների բացառումը, առավել ևս՝ պետական իշխանության ներկայացուցիչների կողմից»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ շարունակում են հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում և որևէ սադրանքով մեզ հնարավոր պիտի չլինի շեղել այս օրակարգից:
«Պետք է շարունակել մեր համատեղ ջանքերը, համատեղ ասելով՝ նկատի ունեմ իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն, հայաստանյան և սփյուռքի անհատներ և կազմակերպություններ, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ»,- ընդգծեց վարաչապետը:
Փաշինյանը նկատեց՝ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, որ Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չէ: Նախ, ակնհայտորեն, Հայաստանը, նաև Լեռնային Ղարաբաղը հակառակն են պնդում:
«Կարծում եմ՝ հենց այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է, և մենք հետևողականորեն պիտի աշխատենք այս ուղղությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և մենք առաջնորդվելու ենք հենց այս տրամաբանությամբ, ինչքան էլ հասկանում ենք բոլոր դժվարությունները և բարդությունները:
Լեռնային Ղարաբաղի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և որի անխափան գործունեության գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, փակ է արդեն 46 օր, արդեն 46 օր Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը խաթարված է, և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով:
Լեռնային Ղարաբաղում էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև Լեռնային Ղարաբաղը հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, և բնակչությանն էլեկտրական հոսանք է մատակարարավում միայն տեղի էլեկտրական կայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ: Բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով, նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։