Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն Արցախի ուսանողությանն ու ՀԿ-ներին կամավորական խմբեր կազմելու կոչ է արել: Այս մասին հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Խնդրում և կոչ եմ անում ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր և ձեր նպաստն ու աջակցությունը բերել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը։ Դրանով դուք ոչ միայն կապահովեք հանրօգուտ արդյունք, այլև կնպաստեք մեր ներքին զարթոնքին ու համախմբմանը, մեր ուժերի և հնարավորությունների մեկտեղմանն ու միավորմանը»,- գրել է նա՝ հրապարակելով ձևաթղթի հղումը:
Նա նշել է, որ այս ընթացքում իրականացվում են բազմաբնույթ աշխատանքներ, որոնց կարող է իր աջակցությունը ցուցաբերել նաև հանրությունը։
«Անընդունելի եմ համարում, որ շրջափակման պայմաններում Արցախ է բերվում հումանիտար բեռ, որը բեռնաթափելու կամ բեռնելու, փաթեթավորելու և շահառուներին հասցնելու համար պետությունը ստիպված է ֆինանսական միջոցներ ծախսել»,- գրել է պետնախարարը։
Նա նաև ընդգծել է, որ որքան էլ պետությունը կրի քաղաքացիների իրավունքների ապահովման պոզիտիվ պարտականություն, սակայն Արցախը մեր մեծ ընտանիքն է, և ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ պետությունում հնարավորություններն անսահմանափակ չեն, իսկ խնայողությունը և ջանքերի մեկտեղումը այսօր խիստ անհրաժեշտություն է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: