Ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն Արցախում ստեղծված իրավիճակը «սարսափելի և անմարդկային» է անվանել։
«Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ ես Արցախում ստեղծված իրավիճակը համարում եմ սարսափելի և անմարդկային»,-Twitter-ում գրել է Աֆեյանը։
Նա հիշեցրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որում նաԱդրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը Արցախի հայ բնակչության նկատմամբ ցեղասպանություն է որակել։
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, միջազգային իրավունքի ոլորտում առաջատար փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը ճանաչել էր որպես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «ցեղասպանություն»։ Նա այսպես էր արձագանքել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խնդրանքին՝ փորձագիտական եզրակացություն տալու, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ցեղասպանություն է։
Արցախի նախագահը հուլիսի 29-ին Օկամպոյին ուղարկված նամակում խնդրել էր տրամադրել փորձագիտական կարծիք այն մասին, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը ցեղասպանություն չէ: Ավելի ուշ՝ հուլիսի 31-ին, նախկին դատախազը խոստացել էր ուսումնասիրել հարցը և տալ իր եզրակացությունը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։