Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է Գագլոևի մամուլի ծառայությունը։
«Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում ձեր հայրենասիրությունը, ժողովրդի վստահության բարձր հեղինակությունն ու վարկը՝ բազմապատկված կառավարության գործունեության փորձով, վճռականությամբ և ձեր առաքելության հանդեպ հավատով, կոչված են արդյունք տալու, օգնելու լուծելու հրատապ խնդիրները և արդարացնել ազգի ակնկալիքները»,- ասված է Գագլոևի շնորհավորական ուղերձում։
Սեպտեմբերի 9-ին փակ գաղտնի քվեարկությամբ՝ 22 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, Սամվել Շահրամանյանը ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Արցախի ԱԺ հատուկ նիստում նա ստանձնել է ԱՀ նախագահի լիազորությունները։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Շահրամանյանին սատարելու մասին է հայտարարել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախում նախագահի ընտրությունները որակել է «սադրիչ և անօրինական»։ Թուրքիայի ԱԳՆ-ն «անօրինական» է անվանել ԼՂ-ի նախագահի ընտրությունները։ ԵՄ-ն հայտարարել է որ չի ճանաչում Արցախի նախագահի ընտրությունների «սահմանադրական» շրջանակները։ Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի նախագահի ընտրությունները։ Իսկ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ճանաչում ԼՂ նախագահական ընտրությունները։