Այս պահին հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարող ենք ասել, որ Արցախից բռնի տեղահանված ամեն երրորդ քաղաքացի երեխա է: «Հումնաիտար կենտրոնւմ» ուղիղ հեռարձակմամբ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այս առումով դպրոցներում շատ անելիք կա:
«Հասկանում ենք, որ այս պահին առաջնայինը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովելու ծրագրերն են, սակայն կրթության իրավունքը ևս առաջնային է, և մենք պետք է առանց ժամանակ կորցնելու ապահովենք նրանց շարունակական կրթությունը»,- ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացի կա տարբեր մարզերում։
«Սա վկայում է այն մասին, որ երբ քաղաքացիներն արդեն ունեն իրենց առաջնային կարիքների որոշակի հստակություն, առաջին հերթին դիմում են դպրոց, և դա շատ լավ է։ Մեր դպրոցները պատրաստ են դրան»,- հայտնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ շրջաբերական են ուղարկել դպրոցներին, որտեղ հստակ հրահանգներ են տվել, թե ինչպես պետք է կազմակերպել գործընթացը։ «Ուզում եմ տեղեկացնել, որ փաստաթղթային որևէ խոչընդոտ չի լինի»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարը նշեց նաև, որ Արցախում գործել է 108 ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 000 սաներով:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը չպահեց պայմանավորվածությունը և երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։