ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը՝ ներկայացնելով արցախցիներին տրամադրվող աջակցության ընթացակարգերը նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված չափահաս անձանց 75 տոկոսն ունի քարտեր, որոնք կնույնականացվեն կենտրոնացված տարբերակով:
«Աշխատանքը կազմակերպվելու է այնպես, որպեսզի վերջին 15 ամիսների ընթացքում ակտիվ քարտային գործունեություն իրականացրած քարտային հաշիվներին փոխանցվի (անկախ քարտերի ֆիզիկական առկայությանը), որը կլինի տվյալ անձի համար ամենահարմար եղանակը: Նույնիսկ այն դեպքում, եթե քարտը գործող է, բայց կորսված է, անձը կարող է մոտենալ բանկ և կանխիկով վերցնել հասանելիք գումարը կամ դիմում գրել և վերաթողարկել քարտը: Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր քարտեր չունեն, ապա նրանք կարող են քարտեր ձեռք բերել անվճար հիմունքներով՝ Հայաստանի բանկերից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվել է, որ Փաստաթղթեր չունենալու կամ կորսված լինելու պարագայում, անձնագրի տվյալների հիման վրա կենտրոնացված բազայից բանկերի կողմից վեր կհանվեն հանրային ծառայության համարանիշերը և այդ միջոցով քարտեր կթողարկվեն:
«Քարտերը թողարկվելուց հետո, անձը պարտադիր չէ, որ այդ քարտը ներկայացնի Կառավարությանը, կրկին կենտրոնացված կարգով Կառավարությանը կներկայացվի նոր բացված քարտերի տվյալները և փոխանցումները կիրականացվեն: Քարտերի տրամադրումը սովորաբար տևում է 2-3 աշխատանքային օր: Անձը կարող է դիմել Հայաստանի բոլոր բանկերին, բացի «Մելլաթ» բանկից և «Ֆասթ» բանկից, քանի որ այս պահին այդ բանկերը քարտային ծառայություններ չեն մատուցում»,- եզրափակել է Խաչատրյանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։