Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները պետք է ընդունվեն ԵՄ-ի ներսում՝ համընդհանուր համաձայնությամբ, ներկա պահին այդ համաձանությունը, ցավոք, չկա։ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ, ի պատասխան Armenia Today-ի թղթակցի հարցին, հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
Armenia Today-ի թղթակիցը գերմանացի պաշտոնյային հարց է ուղղել ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ արված իր այն հայտարարության մասին, թե ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում գերմանական կողմը բավարար քայլեր չի արել։
Հարցին՝ ինչպե՞ս է պատրաստվում Գերմանիան իր բացթողումն ուղղել հետագա հնարավոր ռազմական գործողության դեպքում, Ռոթը պատասխանել է․
«Այս ինքնաքննադատությունը միայն անձնական ուղղվածության չէր։ Այն ուղղված էր Գերմանիային, Գերմանիայի կառավարությանը, Արևմուտքին, ընդհանուր առմամբ, ԵՄ-ին, որովհետև վերջին ամիսներին մեր հայ ընկերներից մշտապես լսել ենք տագնապահարույց զգուշացումներ այն մասին, որ զարգացումները կարող են ռազմական ճանապարհով գնալ։ Սրանք մտահոգություններ էին հայկական կողմից, որոնք լսելի չդարձան եվրոպական մայրաքաղաքներում»։
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ է մշակում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Մանրամասները՝ տեսանյութում։