Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ կառավարությունը՝ նշելով, որ Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականությունն ու տեղի հայության բռնի տեղահանությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նշվում է, որ ՀՀ վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին:
Երևանում կայացած ասուլիսի ժամանակ Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը չդադարի իր ագրեսիվ և հրահրող քաղաքականությունը, անշուշտ, Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, միևնույն ժամանակ, նշելով՝ «Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները պետք է ընդունվեն ԵՄ-ի ներսում՝ համընդհանուր համաձայնությամբ, ներկա պահին այդ համաձանությունը, ցավոք, չկա»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։