Մոսկվան ողջունում է վճարված, բայց չմատակարարված զենքի հետ կապված Երևանի մոտեցումը՝ «ամեն ինչ լուծել գործընկերության ոգով», ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա վստահեցրել է, որ նման վերաբերմունք ունի նաև ՌԴ ՊՆ-ն։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշել է նաև 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայկական ԽՍՀ հյուսիսում՝ Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը
«Սպիտակի դասերից մեկը ռուս և հայ ժողովուրդների բազմադարյա բարեկամության անձեռնմխելիության գիտակցումն է՝ անցած տարբեր դժբախտություններով։ Անկախ նրանից, թե ինչպես կզարգանա քաղաքական իրավիճակը, մեր եղբայրական միասնությունը կհաղթահարի ցանկացած դժվարություն, քանի որ դա ժամանակի փորձություն է»,- ընդգծել է Զախարովան։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՌԴ-ից գնված, բայց չստացված սպառազինության մասին հարցին, նշել էր, որ տեղի են ունենում քննարկումներ, թե խնդիրն ինչ մեխանիզմներով կարող են լուծել։
Հոկտեմբերի 23-ին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ Հայաստանն սպասում է ռուսական զենքի մատակարարմանը, որի համար վճարել է 400 մլն դոլար՝ նշելով, որ ցանկացած պայմանագրում նախատեսված են և՛ ժամկետներ, և՛ պատժամիջոցներ այդ ժամկետները խախտելու համար։
Ավելի վաղ Զախարովան պատասխանել էր Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների ապագայի մասին հարցին։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանի քաղաքական գծի դիվերսիֆիկացման մասին հայտարարությունները՝ առանց արտաքին վեկտորը փոխելու, իրական մտադրությունները թաքցնելու փորձ էր անվանել։