Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, մեր երկրի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին ու կարևորել դրանց հաղթահարման նպատակով միջազգային հանրության աջակցությունը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և դրա հետագա զարգացման շուրջ:
Մարգուս Ցահքնան վարչապետ Փաշինյանին է փոխանցել պաշտոնական այցով Էստոնիա այցելելու իր երկրի վարչապետի հրավերը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում Մարգուս Ցահքնան հայտարարել էր, որ ՀՀ-ի հետ Հաջորդ քայլերից մեկն առանց վիզայի ռեժիմի հարցն է։