Արցախի լուծարման մասին սեպտեմբերի 28-ի հրամանագիրն իրավական նշանակություն չունի, հունվարի 1-ից պետական հիմնարկները կշարունակեն գործել, Caucasus Watch-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Դա պայմանավորված է նրանով, որ հրամանագիրը հակասահմանադրական է․ ոչ մի նախագահ չէր կարող և երբեք չէր կարողանա ստորագրել պետական հաստատությունները լուծարելու մասին հրամանագիր: Հունվարի 1-ից պետք է ակնկալել, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր պետական հաստատությունները կսկսեն գործել»,- ընդգծել է Բեգլարյանը։
Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանում այն գաղափարը, որ Արցախ պետությունն ու նրա ինստիտուտները պետք է շարունակեն գործել։
«Իրականում՝ նրանք չեն ցանկանում, որ որևէ ինստիտուտ շարունակի գործել Հայաստանում, ինչը սխալ մոտեցում է։ Ես կարծում եմ, որ նրանք կարող են լուծում գտնել: Դա ոչ թե հակասում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, այլ մեր հավաքական իրավունքներին։ Այս իշխանությունները մեր ժողովրդի օրինական ներկայացուցիչներն են և իրավունք ու իշխանություն ունեն ներկայացնելու նրա շահերն ու իրավունքները։ Դա անպայման պետք է տեղի ունենա Հայաստանի իշխանությունների աջակցությամբ։ Հնարավորության դեպքում նրանք պետք է ամեն ինչ անեն արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ բարձրացնելով մեր ձայնն ամբողջ աշխարհում։ Ցավոք, մենք բավարար հետաքրքրություն կամ աջակցություն չենք տեսնում ՀՀ իշխանությունների կողմից»,- հավելել է նա։
Բեգլարյանը նշել է, որ լավագույն տարբերակը կլինի Հայաստանում նման կառավարություն ունենալը։
«Եթե Հայաստանի իշխանությունները դեմ դուրս գան այդ գաղափարին կամ նույնիսկ փորձեն խոչընդոտել դրան, ապա Արցախի իշխանություններն ստիպված կլինեն այլ տեղ լուծում փնտրել»,- ընդգծել է նա։
2023-ի դեկտեմբերի 22-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր հանրապետության իրավական դաշտում պետական մարմինների լուծարում նախատեսող փաստաթղթի բացակայության մասին։ Լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ գոյություն ունի Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը (ըստ որի՝ հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի 1-ից) չեղարկող փաստաթուղթ։
2023-ի սեպտեմբերի 20-ին՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիայից հետո, Արցախի իշխանություններն ընդունել էին ռուս խաղաղապահների առաջարկը զինադադարի և ՊԲ-ի լուծարման ու ամբողջական զինաթափման վերաբերյալ։ Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել բոլոր պետական կառույցներն ու կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին, որից հետո Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։