Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, «Ազատությանը» հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչությունում չեն հստակեցրել՝ խոսքը 400 միլիոն դոլարի շրջանակում իրականացված մատակարարումների մասի՞ն է, թե՞ ոչ:
«Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված»,-ընդգծել են ՊՆ-ում։
Հունվարի 16-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը «Ազատությանը» հայտնել էր, որ ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Ըստ պատգամավորի՝ զենքի խմբաքանակը Հայաստան է հասել վերջերս: Մելքոնյանի խոսքով՝ այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում:
Հոկտեմբերի 23-ին ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ Հայաստանն սպասում է ռուսական զենքի մատակարարմանը, որի համար վճարել է 400 մլն դոլար՝ նշելով, որ ցանկացած պայմանագրում նախատեսված են և՛ ժամկետներ, և՛ պատժամիջոցներ այդ ժամկետները խախտելու համար։
Նոյեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՌԴ-ից գնված, բայց չստացված սպառազինության մասին հարցին, նշել էր, որ տեղի են ունենում քննարկումներ, թե խնդիրն ինչ մեխանիզմներով կարող են լուծել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի սկզբին հայտնել էր, որ Մոսկվան ողջունում է վճարված, բայց չմատակարարված զենքի հետ կապված Երևանի մոտեցումը՝ «ամեն ինչ լուծել գործընկերության ոգով»: Դեկտեմբերի 22-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չէր բացառել ՌԴ-ի հետ նոր ռազմական պայմանագրերի կնքումը:
Հունվարի 18-ին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պարզաբանել էր, թե ինչպես են իշխանությունները պատկերացնում հետագա ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Armenia Today-ի հարցին, թե ռազմական համագործակցության ինչպիսի՞ հեռանկարներ են տեսնում, պատգամավորը պատասխանել էր, որ շարունակում են աշխատել ռուս գործընկերների հետ։