Ռուսական «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը կհարվածի Հայաստանի տնտեսությանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տնտեսությունը զգալի կորուստներ կունենա, երկրի քաղաքացիները կբախվեն լուրջ անհարմարությունների, իսկ Ռուսաստանում աշխատող հայերի համար կդժվարանա գումար փոխանցելը հայրենիք։ Զբոսաշրջիկները կկորցնեն նաև քարտով վճարելու հնարավորությունը»,- նշել է նա։
Զախարովայի խոսքով՝ այս քայլի ծախսերը շատ ավելի բարձր են, քան «արևմտյան սահմանափակումների հիպոթետիկ վնասը»։
Մարտի 19-ին Ռուսաստանի ազգային վճարային քարտերի համակարգը Հայաստանի վճարային համակարգից ծանուցում էր ստացել, որ մարտի 30-ից Armenian Card-ի (ArCa) մասնակից բանկերը կդադարեցնեն ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկման քարտերը, որի օպերատորը փետրվարին հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ։ ՎՏԲ Հայաստան Բանկը կշարունակի սպասարկել «Միր» քարտերը։