Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ), դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Առաջնությունն ընթանում է ապրիլի 18-28-ը։
48 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հարությունյանն ուժերը չափել է սերբ Ռադե Յոկսիմովիչի հետ և 4:1 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ, եզրափակչում նա կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող Էդմոնդ Խուդոյանի հետ: Հայ բռնցքամարտիկը ԵԱ-ում պայքարն սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Մանասյանը եզրափակչի ուղեգիրը նվաճել է՝ հաղթելով Ադրբեջանը ներկայացնող կուբացի Լորեն Ալֆոնսոյին։ Մանասյանը մեկնարկում 4:0 հաշվով առավելության էր հասել Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միչալեկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում հաղթել էր մոլդովացի Անդրեյ Զապլիտնիին:
Հայաստանի 5 ներկայացուցիչ՝ Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ), նվաճել են բրոնզե մեդալներ։
Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգի եզրափակչի ուղեգրի համար պայքարել է իռլանդացի Սվինի Շանոյի հետ՝ զիջելով մրցակցին: Քառորդ եզրափակչում Անուշն ավելի վաղ մենամարտել էր Ռումինիայի ներկայացուցիչ Միհայելա Բադեսկուի հետ և հաղթել 5:2 հաշվով։
Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը 70 կգ քաշայինների կիսաեզրափակչում մենամարտել է ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ և զիջել մրցակցին:
Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը կիսաեզրափակչում մենամարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Էդուարդ Սավինի հետ և զիջել մրցակցին՝ բավարարվելով բրոնզե մեդալով: Հայ բռնցքամարտիկը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով առավելության էր հասել լեհ Յակուբ Կրժպյեդի նկատմամբ, իսկ երկրորդ մենամարտում հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Կանոնիկո Զուզեպեիհետին:
60 կգ քաշային Արթուր Սահակյանը եզրափակչի ուղեգրի համար պայքարել է Բուլղարիայի ներկայացուցիչ Ռադոսլավ Ռոսենովի հետ, սակայն զիջել է մրցակցին։ Սահակյանը 1/8 եզրափակչում մենամարտել էր Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանի հետ և 4:1 հաշվով հաղթանակ տարել, իսկ քառորդ եզրափակչում 5:0 հաշվով առավելության էր հասել Սլովենիան ներկայացնող Կերնոգա Տադեի նկատմամբ:
67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել նաև Արարատ Հարությունյանը՝ կիսաեզրափակչում զիջելով Ռուսաստանը ներկայացնող Տարխան Իդիգովին: Որակավորման փուլում Հարությունյանը 5:0 հաշվով պարտության էր մատնել լեհ Մատեուս Գրեժբերին, իսկ քառորդ եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել Սլովենիան ներկայացնող Պատրիկ Նեյչի նկատմամբ:
Նշենք՝ Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության մենամարտերը սպասարկում է նաև Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը: