Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց բնակավայրեր և զրուցել բնակիչների հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Կիրանցում կառուցվող նոր դպրոցում, նա ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին։ Փաշինյանը բացել է 1976թ․ քարտեզը, ըստ որի, վարչապետի խոսքով, կատարվել է սահմանազատումը։
Բնակիչներից մեկը նշել է, որ այդ տարածքում ադրբեջանցին ոչ մի սմ հող չի ունեցել՝ հիշեցնելով ԱԺ ամբիոնից նրա այն հայտարարությունը, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր հող չի հանձնվելու։
«Ես հիմա քեզ երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել սահմանազատման արդյունքում»,- վստահեցրել է Փաշինյանը։
«Իմ գյուղի տարածքից 14-ից ավելի կմ եթե չի զիջվել, ո՞նց եք 54 մարդու փոխհատուցում տալիս»,- հակադարձել է կիրանցին։
Ըստ Փաշինյանի՝ փոխհատուցում տալիս են նրա համար, որ գյուղացիները մեղք չունեն, հնարավոր է սեփականության իրավունք տվող պաշտոնյաներն են մեղավոր։
Բնակչուհիներից մեկն էլ նշել է, որ քարտեզն իրավական հիմք չունի, ինչին ի պատասխան Փաշինյանը խոստացել է գյուղ հրավիրել իրավաբանների, որոնք կապացուցեն քարտեզի հիմքը։
«Հայրենիքս ո՞վ է ինձ վերադարձնելու, նոր տուն չեմ ուզում, հորս գերեզմանը կտա՞ս ինձ»,- փոխհատուցման մասին Փաշինյանի խոսքերին ի պատասխան ասել է կիրանցի բնակիչը։
Դպրոցում սովորելու մասին անվտանգության երաշխիքների մասին հարցին Փաշինյանն ասել է, որ դպրոցը կտեղափոխեն այլ տեղ։ Մայիսի 2-ին Փաշինյանը, խոսելով սահմանազատումից հետո դպրոցից տեսանելի հեռավորության վրա ադրբեջանցիների տեղակայման մասին, ասել էր՝ «եթե երևալու խնդիր է՝ ծառ կտնկենք, պատ կկառուցենք»։
Վարչապետի խոսքով՝ գյուղի անվտանգության երաշխիքը դելիմիտացված սահմանն է։ Նա հույս է հատնել, որ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում կյանքն այդ գյուղերում կզարգանա, մարդիկ նոր տներ կկառուցեն:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացը սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է մայիսի 26-ին մեծ հանրահավաք հրավիրելու մասին։