ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկել է տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը մանրամասնել է, որ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, սահմանազատման գործընթացին և երկու երկրների հանձնաժողովների միջև գրավոր պայմանավորվածություններին։
«Ներկայացնելով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության ձեռք բերված պայմանավորվածությունները նաև պայմանագրի նախագծում արտացոլելու միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը երկուստեք ընդգծել են ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության համատեքստում ձևավորված համագործակցության ծրագրերի իրականացման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման արդյունքներով մշակված «Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագրին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Ըստ գերատեսչության՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կայացման կարևորությունը:
Փետրվարի 13-ին Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսին Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, բացի Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմաններից։