Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց բնակավայրի բնակիչները փակել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանը, ըստ որի՝ սահմանազատման գործընթացի շրջանակում ճանապարհների հետ կապված խնդիր է առաջանալու, հայտնել է «Ազգային ճակատը»։
«Կիրանցի բնակիչները, որոնց տները կանցնեն ադրբեջանական վերահսկողության տակ, վրդովված են ՀՀ կառավարության որոշումից»,- տեղեկացրել է «Ազգային ճակատը»։
Առաջացած գույքային խնդիրները կառավարությունը խոստացել է փոխհատուցել, բայց կիրանցիները գյուղապետարանում հայտարարել են, որ փոխհատուցման կարիք չունեն։
«Մենք չենք վաճառվում, մեր հողերը չենք վաճառում»,- ասել է տեղի բնակիչներից մեկը։
Ժամը 17։30-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունը միջպետական ճանապարհը բացելու ժամանակ է տվել քաղաքացիներին։
«Ազատությանը» Կիրանցի բնակիչները հայտնել են, որ սահմանազատման հետևանքով գյուղի 40 տոկոսը կորցնելու են։
Փաշինյանը կառավարության մայիսի 16-ի նիստում խոսել էր սահմանազատման գործընթացից ու նշել, որ Հայաստանի իշխանությունները հավատարիմ են այն սկզբունքին, ըստ որի «Ադրբեջանի հետ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է»։ Նրա խոսքով՝ «այս սկզբունքից շեղվելով պետք է նոր սահմանագիծ ստեղծել, ինչը կնշանակեր, որ ստեղծում են էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր»։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվում են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։