ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության տոնի առավոտյան չի այցելել Սարդարապետի հուշահամալիր, իսկ այնտեղ գտնվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այդ քայլը «վախի» նշան է որակել։ Շարժումը մտադիր էր թույլ չտալ Փաշինյանի մուտքը հուշահամալիր։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Սարդարապատի հուշահամալիրում հավաք է իրականացրել, որտեղ Սրբազանն իր ուղերձում խոսել է Փաշինյանի՝ Սարդարապատ չայցելելու մասին։
«Փաշինյանը փախուստի մեջ է։ Վախկոտը միշտ էլ խուսափում է հանդիպումից։ Երկու պատճառով այդ մարդը չի եկել։ Մեկը հասկացել է, որ սա իր տեղը չէ, մյուսը՝ երևի դրսից են ասել, որ չես գնալու։ Կառավարության ղեկավարն այստեղ չէ, քանի որ վաղուց դադարել է ներկայացնել մեր ժողովրդի իղձերը»,- իր ուղերձում հայտարարել է Սրբազանը։
Armenia Today-ին չհաջողվեց կապ հաստատել վարչապետի լրատվական ծառայության հետ՝ հստակեցնելու Սարդարապատ չայցելելու պատճառները, պարզելու՝ այց նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ։ «Հրապարակը» գրել էր, որ Փաշինյանը Սարդարապատ չգնալու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ երթով գնում են Սարդարապատի հուշահամալիր՝ այնտեղ գիշերելու և հերոսամարտի հաղթանակի տոնը նշելու համար:
Քաղաքացիները հավաքից հետո, ըստ նախապես հայտարարված ծրագրի, ավտոերթով շարժվել են Երևան։ Գալստանյանը լրագրողներին հայտնել է, որ մայիսի 28-ին հանրահավաք չի նախատեսվում, իսկ առաջիկա ծրագրերի մասին կտեղեկացնեն։ Նա նաև հայտարարել է, որ այս փուլում արտահերթ ընտրությունների գնալու օրակարգ չունեն։
Սրբազանը Սարդարապատ այցի մասին հայտարարել էր մայիսի 27-ի անհնազանդության ակցիաներից հետո։ Նա շարժման աջակիցների հետ մայիսի 27-ի երեկոյան երթով գնացել էր Սարդարապատի հուշահամալիր։ Շարժումը հայտարարել էր, որ մտադիր են գիշերել հուշահամալիրում և մայիսի 27-ի առավոտյան թույլ չտալ Փաշինյանի մուտքը հուշահամալիրի տարածք։ Մայիսի 26-ին շարժումը հանրահավաք էր անցկացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր Փաշինյանի հրաժարականը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Մայիսի 13-16-ը անհնազանդության ակցիաներ էին իրականացվել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մանրամասները՝ տեսանյութում։