Հայաստանի խորհրդարանական ընդդիմության 33 պատգամավոր Ազգային ժողովի խորհրդին է ներկայացրել միջնորդություն, որով պահանջում է հունիսի 11-ին՝ ժամը 18։00-ին, ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, լրագրողներին հայտնել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ միջնորդությունը ներկայացրել են 33 պատգամավորի ստորագրությամբ, ԱԺ 35 ընդդիմադիր պատգամավորներից 2-ը տեխնիկական պատճառներով չեն ստորագրել։
«ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու օրակարգում մեկ հարց է․ ԱԺ ուղերձը կառավարությանը՝ հրաժարականի և նոր կառավարության ձևավորման պահանջով։ Ուղերձում ընդգծել ենք, որ կառավարության 2021-2026թթ․ ծրագիրը տապալված է, Հայաստանը կանգնած է մարտահրավերնների առաջ, որոնք հրատապ լուծումներ են պահանջում։ Նշել ենք, որ, հաշվի առնելով այդ իրավիճակը, խաղաղ ու անցնցում գնալու և բանիմաց մարդկանցից բաղկացած նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտություն կա։ Ըստ մեր առաջարկած օրակարգի՝ ԱԺ-ն հրաժարականի ուղերձով դիմում է կառավարությանը»,- մանրամասնել է Մինասյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ին, տեղի է ունենալու ԱԺ խորհրդի նիստ։ Ըստ Մինասյանի՝ եթե ԱԺ խորհուրդն այսօր կայանալիք նիստում չընդունի իրենց միջնորդությունը, օրենքի ուժով ԱԺ արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին։
«Եթե խորհուրդը չցանկանա որևէ պատճառով հարցը ներառել օրակարգում, ապա 5 օր անց՝ հունիսի 17-ին, ժամը 18։00-ին օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ»,- հավելել է պատգամավորը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից առաջ շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Ցուցարարները վրաններ են տեղադրել Ազգային ժողովի դիմաց և շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։
Մանրամասները՝ տեսանյութում։