Հունիսի 17-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում սպասվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքից առաջ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Նա շրջել է հայրենիքի համար իրենց կյանքը տված զինծառայողների շիրիմներով, ծաղիկներ խոնարհել նրանց հիշատակի առաջ։
Գալստանյանը կանգ է առել Ղարաբաղյան շարժման հիմնադիր գործիչ Իգոր Մուրադյանի շիրիմի առջև և հայտարարել, որ շարժման նպատակը հաղթանակը վերադարձնելն է այն հայորդիիներին, որոնք ննջում են հանուն հայրենիքի։
«Պատահական չէ, որ Մուրադյանն ամփոփված է «Եռաբլուր»-ի սրբազան վայրում՝ շրջապատված հերոսների շիրիմներով։ Հավատք ունենք նրանց հաղթանակի տեսիլքն ամբողջացնելու և վերստին իրենց վերադարձնելու համար։ Չեմ կարծում, որ այդ հաղթանակը և տեսիլքը մեզ են պատկանում։ Այն, առաջին հերթին, իրենցն է՝ Իգոր Մուրադյանինը և մեր բոլոր բազմահազար զինվորներինը։ Մեր պարտքն, առաջին հերթին, իրենցն է»,- ասել է Գալստանյանը։
Հունիսի 16-ին Գալստանյանն իր համախոհներին հունիսի 17-ին՝ ժամը 18։30 հրավիրել էր հանրահավաքի՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում։ Նա ասել էր, որ այդ հավաքը շատ կարևոր է իրենց համար և ունի մի քանի նշանակություն։ Նրա խոսքով՝ առաջինն այդ ժամին կայանալու է ընդդիմության նախաձեռնած ԱԺ նիստը՝ կառավարության հրաժարականի օրակարգով։
Գալստանյանի խոսքով՝ կրկին հավաքվելու երկրորդ պատճառը մեկ բռուցք դառնալու նպատակն է՝ հակառակ չարախնդացողների կամ ուրախացողների։ Նա նշել է, որ կարիք կա ցույց տալու, որ իրենք ուժ են և կարող են հասնել իրենց նպատակին, որի գլխավոր բաղադրիչն է իշխանության ղեկավարի հեռացումը:
«Կապ չունի, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 12-ին՝ այդ հանցագործության օրը։ Վաղվա հանդիպումը կարևոր ցուցիչ է լինելու նաև սփյուռքի համար, որ այս պայքարը շարունակական է՝ անկախ նրանից, թե ինչ ոլորաններով է անցել, անկախ բոլոր տեսակի հալածանքներից, անվանարկումներից և ռմբահարումներից ուղղակի իմաստով, ոստիկանական բռնություններից, դաժանություններից»,- նշել է Սրբազանը։
Նրա խոսքով` անկախ այդ ամենից շարժումը կենսունակ է և վճռականությամբ հասնելու է իր տրամաբանական եզրահանգմանը՝ Փաշինյանի հեռացմանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։
Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։