Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ հայ-վրացական երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի է անցել, Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, հայտնել է «Պիռվելի Առխի»-ն։
«Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ մեր երկկողմ համագործակցությունը տեղափոխվել է որակապես նոր մակարդակ, նոր փուլը շրջադարձային է մեր բազմակողմ համագործակցության մեջ»,- ասել է նա։
Դարչիաշվիլու խոսքով՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում իր հայ գործընկերոջ հետ քննարկել են երկու երկրների քաղաքական և տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող գործընթացները։
«Վրաստանը և Հայաստանը վճռականորեն աջակցում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք խոսեցինք մեր երկրների միջև ինտենսիվ բազմակողմ համագործակցության մասին։ Հայաստանը Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակում է, իսկ զբոսաշրջության առումով՝ եռյակում։ Այս հարցերի շուրջ մենք քննարկել ենք տարբեր ուղղություններ, և վստահ եմ, որ մեր միջև տնտեսական համագործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի, ինչը օգուտ կբերի երկու երկրներին։
Խոսեցինք տարածաշրջանում առկա գործընթացների, առկա մարտահրավերների ու հնարավորությունների մասին, ընդգծեցինք մեր համատեղ ջանքերի կարևորությունը այդ մարտահրավերներին դիմակայելու գործընթացում»,- ասել է նա՝ վերահաստատելով, որ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը։
Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի գործընթացը կպահպանի դրական դինամիկա։
«Պատրաստ ենք մեր հարևանների կարիքների և մեր հնարավորությունների սահմաններում նպաստել կառուցողական երկխոսության խթանմանը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովմանը։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ ճանապարհով ձեռք բերված պատմական որոշումը՝ սկսելու պետական սահմանի սահմանազատման գործընթացը»,- հավելել է Դարչիաշվիլին։