«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Նորատուսում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է շարժման մարտավարության փոփոխության և սեպտեմբերին նախատեսվող հավաքի մասին։
«Մինչև սեպտեմբերի առաջին տասնօրյակ պատրաստության շրջան է, և հենց այդ տասնօրյակում հանդիպելու ենք։ Ցանկանում էինք համալիրում հանդիպել, բայց մեզ մերժել են՝ ասելով, որ (այլ – խմբ․) միջոցառում է (նախատեսված – խմբ․)»,- նշել է Գալստանյանը՝ հավելելով, որ քաղաքներում, գյուղերում (իշխանությունները – խմբ․) նույնպես վախենում են հավաքների համար տեղ տրամադրել։
Նա նշել է, որ իր համար, բացի հաղթանակից, այլ ճանապարհ չկա․ «Մեր երկիրն այն վիճակում չէ, որ ասենք միջոցառում էր՝ արեցինք, գնացինք։ Մեզ համար կենաց-մահու հարց է, հայրենիք կամ մահ հարց է դարձել»։
Գալստանյանը նաև անդրադարձել է խոսակցություններին, թե «շարժումը մեռել է»․ «Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ինքը և մեզանից յուրաքանչյուրս մեռած լինեն»։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։
ՀՀ կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան և խոստացել էր լուծել այն 3 ամսվա ընթացքում։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից։