Փարիզի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցապայքարում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Մալխաս Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ։
77 կգ քաշային Ամոյանը 6։5 հաշվով հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին։
Օգոստոսի 6-ին Ամոյանը կիսաեզրափակչում 3։1 հաշվով պարտվել էր ճապոնացի մրցակցին` Նաո Կուսակային։ Հայ ըմբիշը քառորդ եզրափակչում առավելության էր հասել իրանցի Ամին Յավար Կավիանինեժադի նկատմամբ, իսկ մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիան ներկայացնող Ջոնի Սարկինենին։
25-ամյա Ամոյանը 2021 թվականի աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի փոխչեմպիոն, ինչպես նաև 2020 թվականի Աշխարհի անհատական գավաթի արծաթե դափնեկիր։ 2019-ին նա նվաճել էր երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոնի, 2018-ին՝ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսները։ Ամոյանը 2017 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն է։ Նա 2022, 2023 և 2024 թվականներին նվաճել էր նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Օգոստոսի 7-ին Փարիզի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սլավիկ Գալստյանը պարտվել էր Իրանի մարզիկ Սայեդ Էսմայելիին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։ Նա արծաթե մեդալակիր է դարձել։ «Ինձ մոտ միայն ոսկե մեդալն է պակասում, ամեն ինչ կանեմ, որ դա էլ լրացնեմ»,- Armenia Today-ի հարցին ի պատասխան «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարել էր Դավթյանը։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ է ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան 64 հազար դոլար)։