Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում պարտվել է իրանցի մարզիկին և դարձել արծաթե մեդալակիր։
97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը 4։1 հաշվով զիջել է ըմբիշ Մոհամադհադի Սարավիին, ով 2020 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում բրոնզ էր նվաճել։
Ալեքսանյանը կիսաեզրափակչում 5։3 հաշվով առավելության էր հասել կուբացի Գաբրիել Ռուսիլոյի նկատմամբ։ Հայ ըմբիշը քառորդ եզրափակչում 9:5 հաշվով հաղթել էր ուզբեկ Ռուստամ Ասակալովին։ Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սեունջուն Կիմին։
32-ամյա Ալեքսանյանն աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն է։ Նա 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, 2016-ի ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր էր դարձել։
Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցապայքարում հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ էր նվաճել։
Օգոստոսի 7-ին Փարիզի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սլավիկ Գալստյանը պարտվել էր և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։ Նա արծաթե մեդալակիր է դարձել։ «Ինձ մոտ միայն ոսկե մեդալն է պակասում, ամեն ինչ կանեմ, որ դա էլ լրացնեմ»,- Armenia Today-ի հարցին ի պատասխան «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարել էր Դավթյանը։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից 15 մարզիկ է մասնակցում Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան 64 հազար դոլար)։