Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Փարիզում ներկա է գտնվել Օլիմպիական խաղերի եզրափակիչ հանդիպումներին ու հանդիպել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի հետ, հայտնել է բռնցքամարտիկ մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը։
«Դուք իմ և հայ ժողովրդի համար օլիմպիական չեմպիոններ ու ըմբշամարտի արքաներ եք: Դուք դա ապացուցել եք և դեռ էլի եք ապացուցելու»,- հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ալեքսանյանի ու Մալխաս Ամոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է նա։
Օգոստոսի 7-ին Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ Նույն օրը 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։
Օգոստոսի 7-ին Փարիզի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սլավիկ Գալստյանը 4։10 հաշվով պարտվել էր Իրանի մարզիկ Սայեդ Էսմայելիին։ Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ է ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան 64 հազար դոլար)։