Հայաստանը ներկայացնող ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) Փարիզի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 7-րդ տեղը։ Նա «հրում» և «պոկում» վարժություններում գրանցել է 370 կգ (170+200) արդյունք։
Ծանրամարտի չեմպիոն է հռչակվել 20-ամյա բուլղարացի Կառլոս Նասարը՝ ով 404 կգ արդյունքով սահմանել է համաշխարհային ռեկորդ (180+224):
Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ ԿԳՄՍ նախարարությունն օգոստոսի 9-ին հայտնել էր, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Ալեքսանյանի գոտեմարտի արդյունքները։
Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։ Նույն օրը ըմբիշ Սլավիկ Գալստյանը 4։10 հաշվով պարտվել էր Իրանի մարզիկ Սայեդ Էսմայելիին։ Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ է ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան 64 հազար դոլար)։