ՌԴ-ում արգելափակել են Signal հավելվածը, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Ռոսկոմնադզորին։
Ըստ հաղորդագրության՝ արգելափակման պատճառ են դարձել խախտումները, որոնք հնարավորություն են տալիս մեսենջերն օգտագործել «ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով»։
Մինչ այդ Signal-ը, ի տարբերություն Telegram-ի և այլ արտասահմանյան հավելվածների, ներառված չէր Ռոսկոմնադզորի ցուցակներում և չէր տուգանվել խախտումների համար։ Ռուսաստանում այն հիմնականում օգտագործում են այն քաղաքացիները, ովքեր հոգ են տանում նամակագրության գաղտնիության մասին, նշում են փորձագետները։
Signal-ը թողարկվել էր 2014 թվականին, ընկերությունը պատկանում է ամերիկյան Signal Technology հիմնադրամին։ Այն համարվում է անվտանգ, որտեղ նամակագրությունը պաշտպանված են ծայրից ծայր կոդավորումով (այսինքն՝ իրականացվում է անմիջապես երկխոսության մասնակիցների միջև), իսկ նամակագրությունը պահվում է միայն սարքերում:
Signal-ի համաշխարհային լսարանը 2022 թվականին կազմում էր 40 միլիոն ակտիվ օգտատեր, ներկայումս հավելածից օգտվողների թվի մասին տվյալներ չկան: