Թուրք պրոդյուսեր Քամուրան Այնան հայտարարել է, որ եվրոպական կինոթատրոնները հրաժարվում են ցուցադրել Թուրքիայի նախկին նախագահ Մուստաֆա Քեմալի մասին պատմող անիմացիոն ֆիլմը և դրա համար մեղադրել է «հայկական լոբբիին»։
Նրա խոսքով՝ «Մուստաֆա» ֆիլմի գովազդից անմիջապես հետո հայերը փորձել են արգելափակել այն Գերմանիայում և Ավստրիայում, իսկ թողարկումից ընդամենը մի քանի ժամ առաջ ֆիլմը հանվել էր ցուցադրությունից։
«Սկզբում մեզ մերժեցին Գերմանիայում, հետո՝ Ավստրիայում, թեև մենք արդեն պլանավորել էինք ցուցադրություններ կազմակերպիչների հետ՝ մինչև կոնկրետ վայրեր: Ցավոք, կինոթատրոնները չկարողացան դիմակայել նման ճնշմանը»,- ասել է նա։
Այնան նշել է, որ եվրոպական տարբեր երկրներից ֆիլմարտադրողներին տեղեկացրել են կինոշղթայի հետ կապված մտահոգությունների մասին։ Պրոդյուսերը նշել է, որ արգելքի արդյունքում «Եվրոպայում հարյուր հազարավոր թուրք երեխաներ տառապում են»։
Նա ընդգծել է, որ ֆիլմը նկարահանվել է երեխաներին Աթաթուրքի կերպարին մոտեցնելու և տեղի հայերի «թիրախը» դարձած Թուրքիայի պատմության հետ նրանց կապն ապահովելու նպատակով։
«Ավելի ուշ Գերմանիայի և Ավստրիայի կինոթատրոնները հանել էին «Մուստաֆա»-ի ցուցադրման արգելքը»,- ավելացրել է Այնան։ Ֆիլմը էկրան կբարձրանա նոյեմբերի 14-ին։
Աթաթուրքի օրոք Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։ Դատապարտելով հայերի, հույների և ասորիների ջարդերը՝ 1919թ. իր ելույթում Աթաթուրքը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, հայտարարել էր, որ «ամեն ինչ այնքան էլ վատ չէր, մյուսներն ավելի վատ կանեին»։ Քեմալը ցեղասպանության մեղքը բարդել էր հայերի վրա և բարձր գնահատել Օսմանյան կայսրությունում մուսուլմանների հանդուրժողականությունը։ Գալով իշխանության՝ Աթաթուրքն իրեն շրջապատել էր Հայոց ցեղասպանությանը մասնակցած մարդկանցով։
Ֆիլմարտադրության և հեռարձարկման Disney Plus հարթակը 2023 թվականի հուլիսին հայտարարել էր Աթաթուրքի մասին շարքի մասին՝ չնայած Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) քննադատությանը: 2023 թվականի հուլիսի վերջին Disney Plus-ը հրաժարվել էր ցուցադրել սերիալը։